Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Բելառուս-ադրբեջանական բարեկամություն` ընդդեմ ո՞ւմ

Բելառուս-ադրբեջանական բարեկամություն` ընդդեմ ո՞ւմ
07.10.2014 | 19:04

«Աստված տա բոլորի հետ այնպիսի հարաբերություններ ունենանք, ինչպես Ադրբեջանի», - ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով Մինսկ ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների մեկնարկին: Ըստ նրա՝ Բաքվի և Մինսկի սերտ հարաբերությունների հիմքն իր անձնական ջերմ կապերն են Իլհամ Ալիևի հետ: «Մենք հիանալի անձնական հարաբերություններ ունենք Ադրբեջանի նախագահի հետ: Ես նրան եմ վստահում, նա էլ՝ ինձ: Այդ անձնական լավ հարաբերությունները տեղափոխվել են միջպետական մակարդակ: Մեր միջպետական հարաբերությունները ևս հիանալի են», - հայտարարել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոյի խոսքով՝ պաշտոնական Բաքուն դժվարին պահերին մշտապես օգնության է հասել Բելառուսին: Նա նկատի ուներ 2010-ի ամռան իրադարձությունները, երբ Մինսկի և Մոսկվայի միջև ծագած հերթական լարվածության ֆոնին Ալիևի հատուկ հրահանգով Ադրբեջանի կառավարությունը հաշվված ժամերի ընթացքում Բելառուսին 200 միլիոն դոլարի վարկ տրամադրեց: «Եթե որևէ մեկը մեզ օգնության ձեռք է մեկնում` մենք շատ երկար չենք մոռանում», - նշում էր Բելառուսի նախագահը:
«Դուք երբեք մեզ դժբախտության պահին չեք լքել: Դժվարին պահերին դուք միշտ մեզ օժանդակել եք ու աջակցել: Մենք հիշում ենք, այնպես որ, եթե ինչ-որ մեկի համար հարց է, թե ինչու է մեր բարեկամությունն ու համագործակցությունը Ադրբեջանի հետ այս աստիճան սերտ, միայն կարող եմ ասել` այլ կերպ չէր էլ կարող լինել», - ասաց Լուկաշենկոն՝ շարունակելով. «Առկա հնարավորությունների կամ նույնիսկ դրանց բացակայության պայմաններում մենք էլ ենք աջակցում Ադրբեջանին և հետագայում շարունակելու ենք նույն կերպ վարվել: Մենք երբեք մեր առջև նպատակ չենք դրել համագործակցել կամ բարեկամություն հաստատել ընդդեմ որևէ մեկի»:
Ադրբեջանական լրատվամիջոցների որոշ տեղեկությունների համաձայն՝ Էլմար Մամեդյարովի Բելառուս այցի օրակարգում նաև Հայաստանի առաջիկա անդամակցությունն է Մաքսային միությանը: Բանակցությունների` լրագրողների համար բաց հատվածներում, մամուլի ասուլիսների ժամանակ թե Բելառուսի և թե Ադրբեջանի ներկայացուցիչները այս թեման շրջանցեցին` գերադասելով կենտրոնանալ երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման վրա:
Իր բելառուս պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ բանակցությունների ավարտին Էլմար Մամեդյարովը նույնիսկ չբացառեց բելառուսական ընկերությունների մասնակցությունը Ռուսաստանը շրջանցող էներգետիկ նախագծերի իրագործմանը:
«Բառացիորեն վերջերս Ադրբեջանում ստորագրվեց «Հարավային գազային միջանցքի» շինարարության մասին պայմանագիրը: Դա կասպիական գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով դեպի Հարավային Եվրոպայի պետություններ` Հունաստան, Ալբանիա, Իտալիա տեղափոխելու նպատակով կառուցվող գազատարերի ահռելի մի ծրագիր է: Դրա շրջանակներում առաջիկա 5 տարիներին 50 միլիարդի ներդրում է իրականացվելու: Դա նաև հրաշալի հնարավորություն է, որ մեր բարեկամ պետությունները իրենց ընկերությունների միջոցով գան և աշխատեն այդ հատվածում», - հայտարարեց Մամեդյարովը:
Մակեյի խոսքով՝ պաշտոնական Մինսկը ցանկանում է կարճ ժամանակում կրկնապատկել Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառության ծավալները:
«Ապրանքաշրջանառության ծավալն այժմ հասել է գրեթե 300 միլիոն դոլարի, բայց երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը դրանով չի սպառվել: Մեր առջև նպատակ է դրվել կրկնապատկել ցուցանիշը, հնարավորություն դեպքում՝ գերազանցել», - հայտարարեց Բելառուսի արտաքին գործերի նախարարը:
Ալեքսանդր Լուկաշենկոյի համոզմամբ Ադրբեջանի հետ երկկողմ ապրանքաշրջանառության կրկնապատկումը բավականաչափ հավակնոտ ծրագիր չէ: «300 կամ նույնիսկ 500 միլիոն դոլարի ապրանքաշրջանառության մասին խոսելը պարզապես ամոթ է: Մենք պետք է Ադրբեջանը դարձնենք մեր այն հենակետը, որտեղ բազմաթիվ ժամանակակից ապրանքների արտադրություն կկազմակերպվի: Դա կլինի արդեն համատեղ բելառուսա-ադրբեջանական արտադրանք: Հետագայում էլ, հենց Ադրբեջանի տարածքից այդ արտադրանքը կվաճառվի ողջ տարածաշրջանում», - հայտարարում էր Բելառուսի նախագահը:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ